ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Քիչ աղի էր` խանձրահամն էլ վրա տվեց

Քիչ աղի էր` խանձրահամն էլ վրա տվեց
24.04.2009 | 00:00

ԱՎԱԶԵ ԲՈՒՐԳ
Տարիներ առաջ Համաշխարհային բանկի տրամադրած տասնյակ միլիոնավոր դոլար վարկերի օգնությամբ Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ եղավ աղքատության հաղթահարման ծրագրի իրագործմանը մինչև 2013 թվականը` նպատակ ունենալով հաղթահարել որևէ երկրի պատիվ չբերող այդ երևույթը: Թեև կառավարությունը հայտարարեց, որ աղքատության կրճատման ծրագիրն ավելի արագ է ընթացել նախատեսվածից, և 2000-ի 56 տոկոսի դիմաց 2006-ին այդ թիվը հասել էր մոտ 20 տոկոսի, սակայն չարաբաստիկ ֆինանսատնտեսական ճգնաժամը, կարծես, ի չիք է դարձնում կառավարության ջանքերը և Հայաստանում կրկին աճելու է ինչպես աղքատ, այնպես էլ ծայրահեղ աղքատ մարդկանց թիվը:
Մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ ճգնաժամի հետևանքով Հայաստանում աղքատ մարդկանց թիվը մինչև այս տարվա վերջ կարող է հասնել 907 հազար մարդու կամ ընդհանուր բնակչության մոտ 35 տոկոսին, ընդ որում, ծայրահեղ աղքատ մարդկանց թիվը կհասնի 200 հազարի: Իսկ սա նշանակում է, որ մինչև 2013 թվականն աղքատությունը Հայաստանում չի հաղթահարվի, քանի որ անհայտ է, թե ֆինանսատնտեսական ճգնաժամն ինչքան կտևի: Թեև կառավարությունը հայտարարում է, որ նույնիսկ պետական ապարատի ծախսերի կրճատման գնով իրականացնելու է նախատեսված սոցիալական բոլոր ծախսերը, սակայն այդ միայն ծախսերի կրճատումը կարող է և չբավականացնել, քանի որ տնտեսական ճգնաժամը Հայաստանում դեռ զարգացման փուլում է, չի հասել իր գագաթնակետին, իսկ դա, ըստ կանխատեսումների, կլինի կա՛մ այս տարվա աշնանը, կա՛մ հաջորդ տարվա սկզբին:
Իսկ մինչ այդ Հայաստանի տնտեսությունն այս տարվա առաջին եռամսյակում այնքան էլ փայլուն արդյունքներ չի ցուցադրում: Մասնավորապես, արդյունաբերական արտադրության ծավալը նվազել է 9,5 տոկոսով, և դա այն դեպքում, երբ փետրվար ամսվա նկատմամբ այն մարտին աճել է 3 տոկոսով: Համախառն ներքին արդյունքը կազմել է ընդամենը 465,5 մլրդ դրամ կամ դոլարային արտահայտությամբ` 1,2 մլրդ դոլար, և սա այն պարագայում, երբ անցյալ տարի այդ ցուցանիշը տարվա կտրվածքով հասել էր մոտ 10 մլրդ դոլարի: Արտահանումն էլ, որ չէր փայլում նաև վերջին տարիներին, քանի որ հենց կառավարության թեթև ձեռքով այն փաստացի «մահացել» էր, անկում է ապրել 47,3 տոկոսով և կազմել 123,4 մլն դոլար` ներմուծման 658, 5 մլն դոլարի դիմաց, թեև ներմուծումն էլ իր հերթին նվազել է 22,2 տոկոսով: Եվ եթե անցյալ տարի ունեինք արտահանման և ներմուծման 1:4 ցուցանիշ, ապա այս տարվա առաջին եռամսյակում այդ թիվը կազմել է 1:5,3: Եվ սա այն դեպքում, երբ ենթադրում էին, որ դոլարի արժևորման հետևանքով արտահանումը պետք է որ մեռյալ կետից շարժվեր: Սակայն, մյուս կողմից էլ, հասկանալի է, որ եթե անգամ մեկ դոլարի կուրսը տատանվի 450 կամ 500 դրամի սահմաններում, մրցունակ և բազմազանեցված արտադրանք արտահանելու ներուժ չունեցող երկրում այս հանգամանքն էլ դժվար թե նպաստի այդ գործընթացին:
Ինչևէ, իրականությունն այն է, որ աղքատության հաղթահարմանը միտված կառավարության այդքան գովազդված պայքարն ընդամենը ինչ-որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով ավազե բուրգի պես փլուզվեց: Եվ դա զարմանալի չէ, քանի որ այդ գործընթացում գովազդն ավելին էր, քան իրական արդյունքը: Իսկ ճշմարտությունն այն է, որ աղքատության դեմ բնակչությունը սեփական ուժերով էր պայքարում: Մնում է հուսալ, որ ճգնաժամն արագ կհաղթահարվի Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում, թեև, կոնկրետ Ռուսաստանի պարագայում, ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինն անցյալ շաբաթ հայտարարեց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները Ռուսաստանն ի վիճակի կլինի վերացնել առաջիկա տասը տարում, և արդեն իսկ հաջորդ տարի ՌԴ-ն ստիպված կլինի վարկային միջոցներ ներգրավել արտերկրից:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4409

Մեկնաբանություններ